երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Աստանայում Ալիևը և Էրդողանը ԼՂ դեմ սեպտեմբերյան ագրեսիան համարել են «հաջողությամբ իրականացված գործողություն»

Նոյեմբերի 3-ին Աստանայում, որտեղ անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում։ Ալիևը և Էրդողանը սեպտեմբերին ԼՂ-ի դեմ իրականացրած ագրեսիան, որի հետևանքով բռնի տեղահանվեց հայ բնակչությունը, համարել են «հաջողությամբ ավարտված գործողություն»:

Զրույցի ընթացքում նշվել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը՝ «Թյուրքական դար» կարգախոսով, ծառայում է երկրների և ժողովուրդների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։

Հանդիպմանը վստահություն է հայտնվել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ, մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

  • Կիսվել: