Աշխարհաքաղաքական ամենաբարդ համատեքստում Թուրքիան կարևոր և էական է. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով 2024 թվականի ընդլայնման փաթեթը, նշել է, որ ներկա պայմաններում Թուրքիան կարևոր է, էական, քանի որ աշխարհաքաղաքական համատեքստն ամենաբարդն է տևական ժամանակ ի վեր:
«Մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ։ Առաջնորդներն այս տարվա ապրիլին Եվրախորհրդում վերահաստատել են Եվրամիության շահագրգռվածությունը՝ զարգացնելու համագործակցային և փոխշահավետ հարաբերությունները Թուրքիայի հետ ռազմավարական, քաղաքական և տնտեսական առումներով: Ես շատ եմ աշխատել մեր հարաբերություններում բացասական պարույրը շրջելու համար: Սկզբում ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան այսօր։ Ի վերջո, Թուրքիան ԵՄ թեկնածու երկիր է, որի աշխարհաքաղաքական արդիականությունը շատ ավելի մեծացել է»,-նշել է նա:
Դիտարկմանը, որ Թուրքիան լիովին չի համապատասխանում Եվրամիության արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն ու միգրացիային, իսկ ԵՄ-ն ծրագրում է Թուրքիայի հետ նոր բարձր մակարդակի խորհուրդ ստեղծել, Բորելը նշել է, որ ակնհայտ է՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության հետ համապատասխանության մակարդակը շատ ցածր է։ «Այն ոչ միայն շատ ցածր է, այլև նվազում է։ Չնայած այն միակ երկիրը չէ, որն ունի ցածր համապատասխանության մակարդակ։ Ճիշտ է նաև, որ կան ոլորտներ, որտեղ առաջընթաց չի գրանցվել, մասնավորապես, հիմնարար իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։ Ճիշտ է նաև, որ զեկույցը ճանաչում է Թուրքիայի ջանքերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, փողերի լվացման դեմ պայքարը, հետազոտություններն ու նորարարությունները, ինչպես նաև տնտեսական ու դրամավարկային քաղաքականությունը»: