երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արևմուտքը վերջնական համաձայնության է հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում

Արևմուտքը վերջնական համաձայնության է հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում

Եվրամիության դեսպանները համաձայնության են հասել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափ կիրառելու հարցում։ Հանգստյան օրերին այդ մասին պաշտոնապես կհայտարարի ԵՄ Խորհուրդը՝ հայտնել է Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Անջեյ Սադոսը։ Լեհաստանը, որը նախկինում պահանջում էր իջեցնել այդ սահմանաչափը, նախօրեին համաձայնել է զիջումների գնալ:

«Մեծ յոթնյակը» և Ավստրալիան ևս համաձայնեցրել են ռուսական նավթի առավելագույն գնի սահմանումը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Համատեղ հայտարարությունը նշում է, որ սահմանափակումը կսկսի գործել «դեկտեմբերի 5-ին կամ դրանից անմիջապես հետո»։

«Այսօր Եվրամիությունը, G7-ը և այլ գործընկերներ պայմանավորվել են սահմանել ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական նավթի գների շեմը։ Դա զգալիորեն կկրճատի Ռուսաստանի եկամուտները, կօգնի մեզ՝ կայունացնել էներգակիրների համաշխարհային գները, ինչը օգուտ կբերի զարգացող շուկա ունեցող երկրներին ամբողջ աշխարհում։ Այդ սահմանաչափը ժամանակի ընթացքում կկարգավորվի»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Որոշման ընդունումը մեկնաբանել են նաև ԱՄՆ-ում: Պետքարտուղարության գլխավոր տնտեսագետ Էմիլի Բլանշարի խոսքով՝ Միացյալ Նահանգների վարչակազմն աջակցում է Արևմուտքի կողմից ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափը մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանմանը. այն կփոփոխվի, եթե սահմանված նպատակները չիրականացվեն։

Ռուսական կողմը ևս անդրադարձել է Արևմուտքի որոշմանը: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության մեկնաբանությունը նշում է, որ նման սահմանաչափի կիրառումը փաստացի նշանակում է վերաձևակերպել ազատ շուկայի գործունեության հիմնական սկզբունքները, «ինչը կհանգեցնի անորոշության ավելացմանը և հումքի սպառողների համար ծախսերի ավելացմանը»: Դեսպանությունը վստահություն է հայտնել, որ ռուսական նավթը համաշխարհային շուկայում կշարունակի մեծ պահանջարկ վայելել:

  • Կիսվել: