Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն ու օգտագործել սեփական նպատակների համար. Լավրով
Արևմուտքն օգտվեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն սեփական նպատակների համար՝ խրախուսելով Մինսկի բանակցային գործընթացի վերաբերյալ ցանկացած առաջարկ անտեսելու նրա ձգտումը, India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ եթե Զելենսկին համագործակցեր ու ձգտեր կատարել Մինսկի համաձայնագրերը, ապա «ճգնաժամը վաղուց լուծված կլիներ»:
«Արևմուտքը դավաճանեց Զելենսկուն։ Կարծում եմ՝ նրանք պարզապես օգտագործեցին նրան Ռուսաստանի դեմ։ Նրանք ամեն ինչ արել են, որ ամրապնդեն նրա՝ ցանկացած առաջարկ անտեսելու ցանկությունը», - ասել է Լավրովը։
Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը նշել է, որ չի կարող լրջորեն մեկնաբանել Զելենսկու հայտարարությունները, քանի որ «նա մշտապես փոխում է իր տեսակետը տրամագծորեն հակառակ ուղղություններով»: