Արաբական պետությունների լիգան դիտարկում է միացյալ զորախմբի ստեղծման հնարավորությունը՝ ի պատասխան Իրանի կողմից ձեռնարկված հարվածների
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դիտարկում է Արաբական միացյալ զորախմբի ստեղծման հնարավորությունը՝ ի պատասխան Պարսից ծոցի երկրների ուղղությամբ Իրանի կողմից վերջերս ձեռնարկված հարվածների, հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին, տեղեկացնում է «Աշ-Շորուք»-ը։
Նշվում է, որ Եգիպտոսում կայացած նիստում կրկին քննարկվել է 2015 թվականին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի ներկայացրած նախաձեռնությունը՝ համաարաբական զինված ուժեր ստեղծելու վերաբերյալ:
Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ ժամանակն է վերադառնալ ընդհանուր զորախմբի քննարկմանը՝ ի պատասխան Պարսից ծոցի պետությունների դեմ Իրանի շարունակական հարվածների:
«Յուրաքանչյուր արաբական պետություն օրինական իրավունք ունի արձագանքելու ագրեսիային այնպես, ինչպես նպատակահարմար է համարում, և իրեն հարմար ժամանակ, իսկ ԱՊԼ-ն լիովին պաշտպանում է այդ իրավունքը»,-ասել է նա:


