կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ընդդիմության նկատմամբ կոշտ ճնշումների համար

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ընդդիմության նկատմամբ կոշտ ճնշումների համար

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ճնշել քաղաքական ընդդիմությանը և կոշտ մոտեցում ցուցաբերել՝ ի պատասխան խաղաղ ցույցերի՝ խախտելով կարծիքների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Այս մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

«Ադրբեջանական ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կամայական և բռնի ձերբակալությունները, խոշտանգումները և դաժան վերաբերմունքի այլ դրսևորումները պետք է դադարեցվեն: Իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն բոլոր ձերբակալվածներին՝ կարծիքների արտահայտման և խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքի իրականացման համար, արդյունավետորեն քննեն փողոցում ոստիկանության կողմից անհարկի կամ չափից ավելի ուժի կիրառման բոլոր դեպքերը, ինչպես նաև ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի մասին պնդումները, պատասխանատվության ենթարկեն կասկածյալներին»,- նշված է կազմակերպության կայքում: 

Amnesty International-ի մեկ այլ անդրադարձում նշվում է, որ Բաքվի իշխանությունները COVID-19-ի դեմ պայքարն օգտագործում են որպես պատրվակ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար:

Կազմակերպությունն անդրադարձել է նաև ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի ձերբակալությանը՝ այն որակելով որպես պետության կողմից արտոնված հարձակում կառավարության քննադատների նկատմամբ:

  • Կիսվել: