ԱՄՆ ԶՈւ-ն հարվածել է Նիգերիայի հյուսիսարևմտյան մասում գործող ԻՊ խմբավորմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան զինուժը հարվածներ է հասցրել Նիգերիայի հյուսիսարևմտյան մասում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ինքը՝ Թրամփը:
Նա ջիհադիստներին անվանել է «ահաբեկչական ստորին խավ» և նշել, որ նրանք «հարձակվում և դաժանորեն սպանում էին հիմնականում անմեղ քրիստոնյաների այնպես, որ չէր եղել տարիներ, անգամ դարեր շարունակ»
«Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ: Պատերազմի նախարարությունը (Պենտագոնը-խմբ.) հասցրել է բազմաթիվ կատարյալ հարվածներ՝ այնպես, ինչպես կարող են միայն Միացյալ Նահանգները:
Թող Աստված օրհնի մեր զինվորներին, և շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը՝ ներառյալ մահացած ահաբեկիչների, որոնց թիվը շատ ավելի կմեծանա, եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները»,-նշել է ԱՄՆ նախագահը:
Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հարվածները հասցվել են «Նիգերիայի իշխանությունների խնդրանքով»: AFRICOM-ը հավելել է, որ հարվածների հետևանքով սպանվել են «ԻՊ-ի բազմաթիվ ահաբեկիչներ»:
«ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարությունը համագործակցում է Նիգերիայի և տարածաշրջանային գործընկերների հետ՝ ընդլայնելու հակաահաբեկչական համագործակցության ջանքերը՝ կապված շարունակական բռնության և անմեղ կյանքերի դեմ սպառնալիքների հետ: Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացիներին և խափանել բռնի ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը, որտեղ էլ դրանք լինեն», - ասել է ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարության հրամանատար, գեներալ Դագվին Անդերսոնը:
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X հարթակում գրել է, որ երախտապարտ է Նիգերիայի կառավարության աջակցության և համագործակցության համար:


