ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ԱՄՆ զինված ուժերը պատասխանել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված հարձակումներին

ԱՄՆ զինված ուժերը պատասխանել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված հարձակումներին

Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա տեղի ունեցած հարձակումների ժամանակ ամերիկացի զինծառայողները չեն տուժել։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։ Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ի պատասխան հարձակումների՝ հարվածներ են հասցվել Սիրիայում մի քանի թիրախի։

«Այդ հարձակումների հետևանքով ոչ մի վիրավոր ամերիկացի չկա», - ասել է Ռայդերը։ 

Նրա խոսքով՝ երկու հարձակումները Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմակայանի վրա տեղի են ունեցել նոյեմբերի 10-ին:

«Առաջին դեպքում կիրառվել է անօդաչու թռչող սարք, երկրորդ դեպքում իրականացվել է անուղղակի կրակ՝ երկու հրթիռով», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ ամերիկյան հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր միջոցները զինծառայողների պաշտպանության, ինչպես նաև նման միջադեպերի կանխման համար։

Իր հերթին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նոյեմբերի 13-ին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին հարվածներ են հասցվել Սիրիայում Իրանի կողմից աջակցվող խմբավորման զինապահեստին և նյութատեխնիկական ապահովման շտաբին՝ ի պատասխան երկրի հյուսիս-արևելքում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումների: X սոցիալական ցանցում տարածված հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են ի պատասխան Էշ Շադդադիում ամերիկյան պարեկային ռազմակայանում ամերիկացի անձնակազմի վրա հրթիռների արձակման։

Նոյեմբերի 12-ին ավելի վաղ CENTCOM-ը հայտնել էր, որ ի պատասխան Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա իրականացված մի քանի հարձակումների՝ ԱՄՆ զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների հետ կապված 9 օբյեկտի։ 

 

  • Կիսվել: