կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ-ը պահանջել է Իսրայելից խուսափել Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերից

ԱՄՆ-ը պահանջել է Իսրայելից խուսափել Գազայում խաղաղ բնակչության շրջանում զոհերից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին Մերձավոր Արևելքում է, ուր հինգշաբթի բանակցություններ է վարել Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ: Ինչին հաջորդել է Բլինքենի անսովոր` կոշտ ուղերձն Իսրայելին, գրում է Ամերիկայի ձայնը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին Իսրայելում է, ուր հանդես է եկել հորդորով` երկարաձգել «Համասի» հետ ձեռք բերված զինադադարը: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաև անսովոր` կոշտ ուղերձ է հղել` ի պաշտպանություն պաղեստինցի խաղաղ բնակչության։

«Քննարկեցինք Իսրայելի գործողությունների ծրագրի մանրամասները, և ես ընդգծեցի` [Գազայի] հարավում չպետք է կրկնվեն այն մեծաքանակ զոհերը, որ գրանցվեցին քաղաքացիական բնակչության շրջանում, և մարդկանց տեղահանությունը, որոնց ականատես եղանք Գազայի հյուսիսային մասում։ [Իսրայելի] վարչապետին ասացի` մտադրությունն, իհարկե, կարևոր է, բայց կարևոր է նաև՝ արդյունքը»,- ասել է Բլինքենը։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, փակ դռների հետևում Բլինքենը Իսրայելի ռազմական ղեկավարությանը ասել է, որ նրանք, ունեն շաբաթներ, ոչ թե ամիսներ՝ «Համասի» դեմ ռազմական գործողություններն ավարտին հասցնելու համար: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է` Վաշինգտոնը շարունակելու է իր աջակցությունը Իսրայելին պաշտպանության հարցում, բայց կարևորել է նաև, որ պաղեստինցի խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածները չթիրախավորվեն։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ներկայացուցիչ Լոուրենց Քորբը կարծիք է հայտնել, որ Բլինքենը, փաստորեն, ներկայացրել է նախագահ Ջո Բայդենի ուղերձը` հիշեցնելով, որ ընտրություններին ընդառաջ Սպիտակ տան ղեկավարը գտնվում է հանրային կարծիքի աճող ճնշման ներքո, քանի որ Իսրայել-«Համաս» ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 15 հազար պաղեստինցի։

«Եթե, կամ երբ Իսրայելը վերսկսի ռազմական գործողությունները, չպետք է օգտագործի նույն մարտավարությունը, որը կիրառել է առաջին փուլում` հատկապես, եթե որոշվի ռմբակոծել [Գազայի] հարավը»,- ասում է Քորբը:

Իր հերթին` «Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Սառա Յագերի ներկայացմամբ, կուլիսների հետևում լարվածություն կա ԱՄՆ և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանության և Գազայի ու Հորդանան գետի արևմտյան ափի ապագայի հարցերով:

«Իրոք, հետաքրքիր պահ է Միացյալ Նահանգների կառավարության համար: Ի՞նչ է պատրաստվում անել։ Արդյո՞ք պատրաստվում է վերագնահատել Իսրայելի հետ իր հարաբերությունները և իր անվերապահ աջակցությունը»,- հարց է բարձրացնում Յագերը։

Որոշ դեմոկրատ օրենսդիրներ Իսրայելին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել և չռմբակոծել Գազայի խիտ բնակեցված տարածքները՝ նշելով, թե հակառակ պարագայում ԱՄՆ-ը կարող է նախապայմաններ առաջ քաշել` հրեական պետությանը ռազմական օգնության տրամադրման ժամանակ:

Հինգշաբթի` ավելի վաղ Բլինքենը բանակցել էր Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Վերջինս ասել է, թե Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի պաղեստինցիների միասնական են և կոչ է արել տևական զինադադար հաստատել:

  • Կիսվել: