ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները՝ հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացման

ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները՝ հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացման

ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները և դադարեցնել Կիևին զենքի մատակարարումները՝ Ուկրաինայի մերձակայքում Ռուսաստանին վերագրվող անսովոր ռազմական գործողությունների պատճառով լարվածությունը թուլացնելու համար:

Այս մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։
 
Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նշել էր, որ Վաշինգտոնը «շատ լուրջ է վերաբերվում Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին զինվորականների արտասովոր տեղաշարժերին»։
 
Նրա խոսքով՝ նոյեմբերի 30-ին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ամերիկյան կողմը մտադիր է քննարկել լարվածությունը նվազեցնելու հնարավոր համատեղ քայլերը։ Դոնֆրիդը նշել է, որ դրա համար «կա գործիքակազմ՝ լայն հնարավորություններով»։
 
Մի կողմից, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու հնարավորությունը՝ ավելացնելով հակաօդային պաշտպանության և այլ ռազմական օգնության մատակարարումը, ինչպես նաև ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները: Մյուս հավանական սցենարն այն է, որ ԱՄՆ-ն «ավելի համառ» դիրքորոշում կդրսևորի մինսկյան պայմանավորվածությունների պահպանման հարցում։ Միաժամանակ հնարավոր է, որ Վաշինգտոնը բռնի «Մոսկվայի հետ առճակատման վտանգը նվազեցնելու» ճանապարհը», նշել է թերթը։ Այդ նպատակով ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ուրբաթ օրը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները Ռիգայում հանդիպման ժամանակ կքննարկեն «ռուսական ուժերի կենտրոնացումը» Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական զորքի հնարավոր ներխուժման մասին։
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները անվանել էր դատարկ ու անհիմն լարվածության սրացում, ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

  • Կիսվել: