հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
ԱՄՆ Սենատում բանաձև է ներկայացվել Բաքվին անվտանգային աջակցությունը դադարեցնելու հարցով

ԱՄՆ Սենատում բանաձև է ներկայացվել Բաքվին անվտանգային աջակցությունը դադարեցնելու հարցով

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովի մեկ այլ անդամ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ միասին ներկայացրել է երկկուսակցական համատեղ բանաձև, որով կոչ է արվում դադարեցնել անվտանգային աջակցությունն Ալիևի վարչակարգին և դատապարտել Բաքվի անօրինական ու չսադրված հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Այս մաին հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան։

Բանաձևում հատուկ ընդգծվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման կիրառման անհրաժեշտությունը, որով արգելվում է ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին մինչև այն պահը, երբ Բաքուն կդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակվողական ուժի և շրջափակման կիրառումը։ Ի լրումն դրա՝ բանաձևը նախագահ Ջո Բայդենին կոչ է անում դիտարկել արդյոք ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատժամիջոցների ենթարկվեն Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի համաձայն։

Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը թվիթերյան իր էջում  ևս անդրադարձել է բանաձևին․ «Հպարտությամբ եմ ներկայացնում Սենատի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վերսկսումը և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- գրել է նա։

  • Կիսվել: