շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 4-8-ին կայցելի Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Կատար, Իսրայել եւ Հորդանան գետի Արեւմտյան ափ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամնետի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:

Նա նշել է, որ սա կլինի Բլինքենի հինգերորդ ուղեւորությունն այդ տարածաշրջան հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո:

«Պետքարտուղարը կշարունակի համաձայնագրի հասնելու դիվանագիտական ջանքերը, որով կապահովվի բոլոր պատանդների ազատ արձակումը, եւ որը կներառի հումանիտար դադար, որը թույլ կտա կայուն եւ ընդլայնված հումանիտար օգնության առաքում ապահովել Գազայի քաղաքացիական բնակչությանը»,-ասված է Միլլերի հայտարարության մեջ:

Բացի այդ՝ նա ընդգծել է, որ Բլինքենը կշարունակի աշխատանքը «հակամարտության տարածման կանխման ուղղությամբ՝ միաժամանակ հաստատելով, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ քայլեր կձեռնարկի իր անձնակազմի եւ Կարմիր ծովում ազատ նավագնացության պաշտպանության համար»։

«Պետքարտուղարը կշարունակի գործընկերների հետ քննարկումը ավելի ինտեգրված, խաղաղ տարածաշրջանի ստեղծման վերաբերյալ, ինչն ամուր անվտանգություն կապահովի ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար»,-հայտնել է Միլլերը:

  • Կիսվել: