ԱՄՆ-ն առաջին անգամ Սիրիայի և Լիբանանի մասնակցությամբ երկխոսություն է վարել Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերով
ԱՄՆ զինվորականները ղեկավարել են երեքշաբթի անցկացված՝ Մերձավոր Արևելքում անվտանգության հարցերով տարածաշրջանային երկխոսությունը։ Առաջին անգամ Վաշինգտոնի ղեկավարությամբ անցկացվող նման համաժողովին մասնակցել են Լիբանանի և Սիրիայի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն։
Նշվում է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում՝ CENTCOM-ում, հայտնել են, որ քննարկումներին մասնակցել են Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եմենի բարձրաստիճան ռազմական ներկայացուցիչները։ Մասնակիցները դիտարկել են տարածաշրջանում պաշտպանական համագործակցության ընդլայնման հարցերը։
CENTCOM-ում նշել են, որ բոլոր կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության ապահովմանը։
Հաղորդվում է նաև դեռևս հունվարին հայտարարված՝ Մերձավոր Արևելքում հակաօդային պաշտպանության նոր համակարգման կենտրոնի՝ Combined Defense Operations Cell-ի (MEAD-CDOC) ստեղծման մասին։ Կենտրոնը տեղակայված է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազայի միավորված օդային հրամանատարական կենտրոնի բազայում և նախատեսված է ԱՄՆ-ի ու տարածաշրջանի գործընկերների միջև հետախուզական տվյալների փոխանակման և սպառնալիքների մասին նախազգուշացման համար։



