կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իսրայելին օգնության տրամադրմանը՝ առանց Ուկրաինայի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել Իսրայելին օգնության տրամադրմանը՝ առանց Ուկրաինայի

 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր օգնության ցուցաբերում Իսրայելին՝ առանց Ուկրաինային աջակցելու համար միջոցներ հատկացնելու։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 250 օրենսդիր, դեմ՝ 180։ Չնայած «կողմ» ձայների գերակշռությանը, օրինագիծը չի հաստատվել, քանի որ այն ներկայացվել էր արագացված ընթացակարգով, և դրա հաստատման համար անհրաժեշտ էին կոնգրեսականների երկու երրորդի ձայները։

Փետրվարի 3-ին մի խումբ հանրապետական ​​կոնգրեսականներ ներկայացրել էին փաստաթուղթ, որը նախատեսում էր Իսրայելին 17,6 միլիարդ դոլարի օգնություն՝ առանց Ուկրաինային աջակցելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու։ Ամերիկյան վարչակազմը վճռականորեն դեմ է արտահայտվել նախաձեռնությանը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե Կոնգրեսը հաստատի այն։

Կոնգրեսի անդամներն ամիսներ շարունակ փորձում են անվտանգության աջակցություն ուղարկել արտասահման, մասնավորապես՝ Ուկրաինա։ Հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները կապված են Մեքսիկայի հետ սահմանի ամրապնդման միջոցների և միգրացիոն քաղաքականության խստացման հետ։ Հանրապետականները պահանջում են խստացնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողությունը՝ դա դարձնելով նախապայման Ուկրաինային ցանկացած լրացուցիչ օգնության քննարկման համար։ Բայդենը Կոնգրեսին երկու անգամ դիմել է աջակցության փաթեթը հաստատելու հարցով։

  • Կիսվել: