ԱՄՆ-ն ու Իսրայելը կքննարկեն Լիբանանի հետ երկարաժամկետ հրադադարի հարցը
Այսօր Լիբանանի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտարարել է, որ իր թիմը իսրայելական կողմի հետ բանակցություններ կսկսի ՝ Լիբանանի հետ երկարաժամկետ հրադադարի հասնելու համար: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Լիբանանը հաստատել է «Հեզբոլլահի» զինաթափման ծրագիրը։
Մասնավորապես՝ Բեյրութում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո Բարաքը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մշակել հետպատերազմյան շրջանում երկրի վերականգնման նախաձեռնություն:
Նա նշել է. «Ես կարծում եմ, որ Լիբանանի կառավարությունը կատարել է աշխատանքի իր մասը: Նրանք առաջին քայլն արել են։ Այժմ Իսրայելի հերթն է պատասխանել՝ սեղմելով պարզված ձեռքը»:
Օգոստոսի սկզբին Լիբանանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել, որը երկրի զինված ուժերին պարտավորեցնում է ամենակարճ ժամկետում մշակել «Հեզբոլլահ»-ի զինաթափման ծրագիրը և իրականացնել այն մինչև ընթացիկ տարվա վերջ:
«Հեզբոլլահը» կտրուկ է արձագանքել այդ որոշմանը և հայտարարել է, որ զինաթափման ցանկացած միջոցառում անհնար կլինի, քանի դեռ իսրայելական զորքերը դուրս չեն եկել հարավային Լիբանանից, որը նրանք օկուպացրել են 2024 թվականի նոյեմբերին 14-ամսյա պատերազմի ավարտից ի վեր։ Ավելին՝ «Հեզբոլլահի» ղեկավարի տեղակալ Նաիմ Քասեմն անգամ սպառնացել է բաց առճակատման գնալ, եթե կառավարության ծրագիրը շարունակվի:


