հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ն պետք է հասկանան, որ ՌԴ-ին նահանջելու տեղ չի մնա, եթե ամերիկյան սպառազինությունները հայտնվեն Ուկրաինայում. Պուտին

ԱՄՆ-ն պետք է հասկանան, որ ՌԴ-ին նահանջելու տեղ չի մնա, եթե ամերիկյան սպառազինությունները հայտնվեն Ուկրաինայում. Պուտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորս շաբաթ է տվել իր վարչակազմին՝ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժումը կանխելու համար: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ Բայդենը վախենում է 2014 թվականի սխալների կրկնությունից, երբ Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ՛՛անակնկալի էին եկել՛՛ Ղրիմի միացմամբ: Այդ իսկ պատճառով այս անգամ նա ազգային անվտանգության հարցերով իր օգնականներին հանձնարարել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զսպելու համար։

Կայքը հիշեցրել է, որ դեռ նոյեմբերին ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսն այցելել էր Մոսկվա, որպեսզի ՛՛ուղիղ զգուշացնի Պուտինին՛՛։ Սակայն Ռուսաստանը շարունակել է զորքերն ավելացնել Ուկրաինայի հետ սահմանին, ուստի Վաշինգտոնը որոշել է ՛խաղաղ դիվանագիտությունից՛՛ անցնել հրապարակային սպառնալիքների։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա նա այսօր խոսել է Պաշտպանության նախարարության կոլեգիայում՝ ասելով. ՛՛Զինված հակամարտությունները, արյունահեղությունը բացարձակապես մեր ընտրությունը չէ։ Մենք չենք ցանկանում իրադարձությունների նման զարգացում։ Մենք ցանկանում ենք հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով, բայց գոնե ունենալ պարզ, հասկանալի, հստակ շարադրված իրավական երաշխիքներ՛՛։

Հաղորդվում է նաև, որ, ըստ Պուտինի, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ Ռուսաստանին նահանջելու տեղ չի մնա, եթե ամերիկյան սպառազինությունները հայտնվեն Ուկրաինայում։ ՛՛Դա մեր սահմաններից հազարավոր կիլոմետր հեռու չէ, դա մեր տան շեմին է՛՛,- ասել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: