ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ չի տրամադրել ռուսական օդանավակայաններին հարվածելու համար. CBS News-ի աղբյուրներ
Կիևը ռուսական օդանավակայաններին հարվածներ հասցնելու համար օգտագործել է իր սեփական տեղեկատվությունը, ԱՄՆ-ն որևէ հետախուզական տվյալ չի տրամադրել: Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է CBS News-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։
«ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ չի փոխանցել Ուկրաինայի նախագահ Զելենսկիին և նրա թիմին «Սարդոստայն» գործողության համար, հայտնել են ինձ վարչակազմի աղբյուրները։ Ուկրաինան հավաքել է իր սեփական տեղեկատվությունը», - գրել է լրագրողը։
Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Կիևը Վաշինգտոնին չի տեղեկացրել Ռուսաստանի տարածքում ռազմական օդանավակայաններին զանգվածային հարվածներ հասցնելու մտադրության մասին։
«ԱՄՆ վարչակազմի աղբյուրները կիրակի օրը (խմբ.՝ հունիսի 1-ին) CBS News-ին հայտնել են, որ Սպիտակ տունը չի իմացել այն մասին, որ դա պատրաստվում է», - հաղորդել է հեռուստաալիքը։
Axios լրատվական հարթակն իր հերթին, վկայակոչելով ամերիկացի և ուկրաինացի աղբյուրների, հաղորդել է, որ Սպիտակ տանը չգիտեին Ուկրաինայի զինված ուժերի նախապատրաստած գործողության մասին։ Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հարվածները։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ուկրաինան FPV անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի հինգ մարզերում գտնվող ռազմական օդանավակայաններին, և որ «մի քանի միավոր ավիացիոն տեխնիկա հրդեհվել են Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում»։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ «Սարդոստայն» հատուկ գործողության արդյունքում ռուսական ավիաբազաներում խոցվել է թևավոր հրթիռներ կրող ռազմավարական կործանիչների 34%-ը, վնասը կազմել է շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար։
Ըստ տարբեր լրատվամիջոցների աղբյուրների՝ ռուսական ավիաբազաներում վնասվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում Ա-50, Տու-95 և Տու-22 Մ3։
Այսօր՝ հունիսի 2-ին, Ստամբուլում նախատեսված է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը։