ԱՄՆ-ն բարի կամքի մի քանի դրսևորումներ կանի Բաքվի նկատմամբ․ Politico
Oգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում: Ըստ արտահոսքերի՝ նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
Նախօրեին տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Թրամփի, Փաշինյանի և Ալիևի հանդիպմանն ուշադրության կենտրոնում է լինելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» կամ TRIPP հապավմամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը: Նշվել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղու երկայնքով։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։
«ԱՄՆ-ն բարի կամքի մի քանի դրսևորումներ կանի Բաքվի նկատմամբ, կվերացնի պաշտպանական համագործակցության սահմանափակումները՝ չեղարկելով Ադրբեջանին ուղղակի օգնություն ցուցաբերելու արգելքը»,-գրում է Politico-ն։


