երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ գրավոր պատասխանը փոխանցել է ՌԴ-ին

ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ գրավոր պատասխանը փոխանցել է ՌԴ-ին

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին վերաբերող ամերիկյան գրավոր պատասխանը ռուսական կողմի առաջարկին, տեղեկացնում է Bloomberg-ը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների պատասխանը համակարգել է դաշնակիցների և Ուկրաինայի հետ։ 

Բլինկենի խոսքով` ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի, սակայն դեռևս նախընտրելի ճանապարհ է համարում դիվանագիտությունը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է, որ ավելի ուշ ՆԱՏՕ-ն էլ իր փաստաթուղթը կհանձնի Մոսկվային: Դա, ըստ Բլինկենի, նույնպես համապատասխանում է Վաշինգտոնի պատասխանին։

Նշենք, որ անցյալ տարվա վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։

  • Կիսվել: