ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման լուծումն է. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորություններին Հորմուզի նեղուցում իրավիճակի բնականոնացման լուծումն է։ Նա միաժամանակ տեղեկացրել է Իրանի և Օմանի միջև նեղուցով երթևեկության ժամանակավոր երթուղի սահմանելու շուրջ բանակցություններում գրանցված զգալի առաջընթացի մասին, գրում է parstoday.ir-ը:
Ինչպես հաղորդում է «Փարս Թուդեյ»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ-ին, Սեյեդ Աբբաս Արաղչին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանային լարվածության սրման պատասխանատվությունը վերագրել է Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների խախտմանը։
Արաղչին ասել է. «Լուծումը պարզ է․ ամերիկյան կողմի վերադարձն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորություններին և ստորագրությանը հավատարիմ մնալը պայմաններ կստեղծեն բնականոն իրավիճակին վերադառնալու համար»։
Նա նաև հայտնել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում ժամանակավոր երթևեկության երթուղի սահմանելու շուրջ բանակցությունների զգալի առաջընթացի մասին և ընդգծել ապագայում նեղուցի կառավարման մեխանիզմների վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով խորհրդակցությունների շարունակման անհրաժեշտությունը։
Ճապոնիայի ԱԳ նախարարը ևս, մտահոգություն հայտնելով լարվածության սրման կապակցությամբ, ընդգծել է տարածաշրջանային անվտանգության ապահովման և Հորմուզի նեղուցով ազատ ու անվտանգ նավարկության համար դիվանագիտական խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։



