ԱՄՆ հետախուզության նախապատերազմյան գնահատականը. միջամտությունն Իրանում հազիվ թե ռեժիմի փոփոխության հանգեցնի
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ հետախուզության գնահատականը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հազիվ թե հանգեցնի ռեժիմի փոփոխության Իսլամական Հանրապետությունում: Associated Press գործակալությանը հայտնել են վերլուծությանը ծանոթ երկու աղբյուրներ:
Ըստ Ազգային հետախուզական խորհրդի (NIC) փետրվարյան զեկույցի՝ ո՛չ սահմանափակ ավիահարվածները, ո՛չ էլ ավելի մեծ, երկարատև արշավը, հավանաբար, չեն հանգեցնի Իրանում նոր կառավարության ձևավորմանը, նույնիսկ եթե ներկայիս ղեկավարությունը ոչնչացվի: Նման եզրակացությունը կասկածի տակ է դնում վարչակազմի այն պնդումները, որ Իրանում իր նպատակներին կարելի է հասնել համեմատաբար արագ, հնարավոր է՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում:
Հետախուզական գնահատականը հանգել է այն եզրակացության, որ Իրանը միասնական և ուժեղ ընդդիմադիր կոալիցիա չունի, որը ներկայիս ղեկավարության անկման դեպքում պատրաստ է ստանձնել իշխանությունը: Երկրի իշխանական համակարգը կձգտի պահպանել շարունակականությունը, եթե գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվի:
Ըստ եզրահանգման արդյունքների՝ Իրանի առաջատար հոգևորականները կիրակի ընտրեցին նոր գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին, որը կփոխարինի իր հորը: Որդու տեսակետները, ենթադրվում է, ավելի կոշտ են, քան հորը, ինչը վկայում է Իրանի ղեկավարության կտրուկ դիմադրության, ինչպես նաև նրա մասին, որ կառավարությունը կամավոր հրաժարական չի տա։
Թրամփի վարչակազմը տարբեր արդարացումներ է ներկայացրել փետրվարի 28-ին սկսված հարվածների համար՝ պնդելով, թե դրանք անհրաժեշտ էին Իրանի միջուկային ծրագիրը հետաձգելու կամ իրանական բալիստիկ հրթիռային հնարավոր հարձակումը կանխելու համար։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ պատերազմը ռեժիմի փոփոխության նպատակ չունի, չնայած Թրամփն ինքը ավելի վաղ հայտարարել է, որ ձգտում է ռեժիմի փոփոխության։
Ազգային հետախուզության տնօրենի (ODNI) գրասենյակի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել գնահատականը և հարցեր է ուղղել Սպիտակ տանը։ Տնօրեն Թուլսի Գաբարդը անցյալ տարի աշխատանքից ազատել է ODNI-ի պաշտոնակատար նախագահին՝ գաղտնազերծված հուշագրի հրապարակումից հետո, որը հակասում էր վենեսուելացի ներգաղթյալների արտաքսումը արդարացնելու համար օգտագործվող վարչակազմի պնդումներին։
Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամկետից ի վեր կասկածամիտ է եղել ԱՄՆ հետախուզական համայնքի նկատմամբ և հաճախ մերժել է կառույցի եզրակացությունները՝ դրանք համարելով քաղաքական դրդապատճառներ կամ իր կառավարության դեմ ուղղված «խոր պետության» (deep state. դավադրության տեսություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգներում ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարությունից զատ գոյություն ունի՝ չընտրված կառավարության պաշտոնյաների համակարգված խումբ կամ խմբեր, որոնք ազդում են հանրային քաղաքականության վրա -խմբ.) ջանքերի մաս։


