կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրն ԱՊՀ տարածքի ռազմական յուրացումն է. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրն ԱՊՀ տարածքի ռազմական յուրացումն է. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն

ԱՄՆ–ն իր դաշնակիցների հետ լայնածավալ աշխատանք է սկսել ԱՊՀ երկրներում իրավիճակը խարխլելու ուղղությամբ։ Նրանք փորձում են քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ և «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։

 Այս մասին  հայտարարել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ, ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
 
ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները կենտրոնացրել են ուժերը ԱՊՀ հարավային սահմաններում իրավիճակը խարխլելու համար, այդ նպատակով ծրագրում են օգտագործել Իրաքում, Սիրիայում և ասիական և աֆրիկյան մի շարք այլ երկրներում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին, ինչպես նաև նրանց տեղափոխել Աֆղանստանի հյուսիս։
 
Նրանց նպատակը, ՌԴ ԱԴԾ ղեկավարի խոսքով, նախևառաջ Տաջիկստանում, Ուզբեկստանում և Թուրքմենստանում իշխանությունը զավթելն է, դրանք այսպես կոչված «Համաշխարհային խալիֆայության» մեջ ներառելը։
 
«Տեղեկություն ունենք, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների շարքերը համալրած Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացիները սահմանային գոտու տեղազննում են իրականացնում և պարզում խոցելի հատվածները` այնտեղ դիվերսիոն խմբեր և ահաբեկչության միջոցներ տեղափոխելու համար», – հավելել է նա։
 
Բացի այդ, ըստ Բորտնիկովի, ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն «աֆղանական սպառնալիքի» դեմ պայքարի պատրվակով Կենտրոնական Ասիայի երկրներին ակտիվորեն ռազմատեխնիկական համագործակցության և սահմանային անվտանգության գծով ծառայություններ են պարտադրում, որպեսզի ռազմական ճանապարհով «յուրացնեն» ԱՊՀ տարածքը։
 
Նրա խոսքով` հավաքական Արևմուտքը, անտեսելով միջազգային իրավունքի հաստատված նորմերը` վախեցնելու առավել արդյունավետ ձևեր է փնտրում, սեպ խրում ԱՊՀ երկրների և նրանց հարևանների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններում։
 
«Արևմուտքի ներկայացուցիչների հատուկ ջանքերն ուղղված են վերահսկողությունից դուրս գտնվող միջպետական միավորումների խարխլմանը և դրանց մասնակիցների բաշխմանը այլընտրանքային ձևաչափերով, ինչը խզում է կայացած առևտրատնտեսական, քաղաքական և պատմամշակութային կապերը։ Հիմնական թիրախներից են Եվրասիայի տարածքի ինտեգրացիոն նախագծերը. ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ՇՀԿ», – նշել է Բորտնիկովը։
 
Նա նշել է, Արևմուտքն իր հատուկ ծառայությունների, ինչպես նաև կառավարվող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ–ների միջոցով աշխատանք է տանում ԱՊՀ երկրներում ազգամիջյան և միջկրոնական պառակտում, ռազմական հակամարտություններ հրահրելու ուղղությամբ` այդպիսով քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ և «գունավոր հեղափոխությունների» սցենարների իրագործման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։

  • Կիսվել: