կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ բանակը հաղորդել է Կարմիր ծովում երկու թևավոր հրթիռ կալանելու մասին

ԱՄՆ բանակը հաղորդել է Կարմիր ծովում երկու թևավոր հրթիռ կալանելու մասին

 ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Կարմիր ծովում երկու հականավային թևավոր հրթիռ կալանելու մասին։ 

«Մարտի 4-ին, ժամը 20:00-ին (Սանայի ժամանակով) CENTCOM-ի ուժերը ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել երկու հականավային թևավոր հրթիռների ուղղությամբ, որոնք ուղղակի սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային նավերի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար», - գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական հարթակում:

Կենտրոնական հրամանատարությունը նաև հայտնել է, որ Սանայի ժամանակով 15։50-ից մինչև 16։15-ն ընկած ժամանակահատվածում Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) երկու հականավային թևավոր հրթիռ է արձակել Լիբերիայի դրոշի ներքո ընթացող բեռնարկղային նավի ուղղությամբ: Հրթիռներից մեկը դիպել է նավին՝ պատճառելով վնաս, սակայն ոչ ոք չի տուժել։ Բեռնարկղային նավն օգնություն չի խնդրել և շարունակել է իր ճանապարհը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմի ընթացքում հութիները սկսել են հարվածներ հասցնել Կարմիր ծովով և Ադենի ծոցով անցնող նավերին՝ հայտարարելով, որ կդադարեցնեն գրոհները միայն Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարից հետո։

Տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերն այս ընթացքում մի շարք հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին։ 

  • Կիսվել: