չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամերիկացի գեներալ Մարկ Միլին այցելել է Ուկրաինային զենքի մատակարարման կենտրոն

Ամերիկացի գեներալ Մարկ Միլին այցելել է Ուկրաինային զենքի մատակարարման կենտրոն

ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին այցելել է Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող գաղտնի օդանավակայան, որը դարձել է այդ երկրին զենքի մատակարարման կենտրոնը, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ Միլին անձամբ հետեւել է Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացին։ Օդանավակայանում Միլին հանդիպել է զինվորականների հետ եւ ծանոթացել զենքի տեղափոխման գործընթացին։ Վերջին օրերին այս օդանավակայանում, որի գտնվելու վայրը գաղտնի է, չվերթների թիվն ավելացել է՝ օրական մի քանիսից հասնելով 17-ի։

Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, ռուսաստանցի զինվորականները չեն փորձել կասեցնել այդ մատակարարումները, բայց հիմա ԱՄՆ-ում մտահոգություն կա, որ այդ օդանավակայանը կարող է թիրախավորվել, եթե մատակարարումները շարունակվեն։

Գործողության համար հիմնականում պատասխանատու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (EUCOM), որն իր կապերը դաշնակիցների եւ գործընկերների հետ օգտագործում է իրական ժամանակում գործողությունները համակարգելու համար։

Ինչպես հավաստիացվում է, Կիեւին օգնություն է ուղարկել 14 երկիր, ընդ որում՝ «ճնշող» մասն ԱՄՆ-ից։ Այդ նպատակին հատկացված 350 միլիոն դոլարից 240 մլն դոլարն արդեն ուղարկվել է Ուկրաինա։

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս չափազանց տպավորված ենք այն բանով, թե որքան արդյունավետ են Ուկրաինայի Զինված ուժերն օգտագործում այն սարքավորումները, որոնք մենք տրամադրել ենք նրանց»,- ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: