երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ԱՄԷ-ն, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Իրաքը դատապարտել են Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման Իսրայելի ծրագրերը

ԱՄԷ-ն, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Իրաքը դատապարտել են Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման Իսրայելի ծրագրերը

Գոլանի բարձունքներում իր ներկայությունն աավելացնելու Իսրայելի մտադրությունը քննադատության է արժանացել ԱՄԷ-ի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի կողմից: 

«Այս որոշումն օկուպացիան ընդլայնելու միտումնավոր փորձ է և հակասում է միջազգային իրավունքին»,- ասված է ԱՄԷ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման՝ Իսրայելի կառավարության որոշումը սպառնում է հետագա լարվածությամբ տարածաշրջանում: ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հավատարիմ է Սիրիայի միասնությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Քաթարը միացել է ԱՄԷ-ի հայտարարությանը, միաժամանակ կոչ է արել միջազգային հանրությանը կատարել իր իրավական և բարոյական պարտավորությունները։

Իր հերթին Իրաքի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գոլանը օկուպացված սիրիական տարածք է, և որ դրա կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ իրավական ուժ չունի։

Սաուդյան Արաբիան էլ համաձայնել է Իրաքի դիրքորոշմանը։ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Իսրայելը խաթարում է Սիրիայի անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը կիրակի հաստատել է Գոլանի բարձունքներում բնակավայրերի ընդլայնման և բնակչության թվաքանակը կրկնապատկելու ծրագիրը։

Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արևելքում, որի զգալի մասը ներկայումս վերահսկում է Իսրայելը, արևելյան մասը՝ Սիրիան։

  • Կիսվել: