հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄԷ-ն Իրան կվերադարձնի իր դեսպանին հետկանչից վեց տարի անց

ԱՄԷ-ն Իրան կվերադարձնի իր դեսպանին հետկանչից վեց տարի անց

Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին իր պարտականություններին կանցնի մոտ օրերս՝ ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Փաստաթղթից բխում է, որ դեսպանը «կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ՝ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի ընդհանուր շահերին հասնելու համար»։

Bloomberg-ը նշում է, որ ԱՄԷ-ն հետ էր կանչել դեսպանին և խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ 2016 թվականին, երբ ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա և հրկիզել այն՝ ի նշան բողոքի Էր Ռիադի իրականացրած հայտնի շիա հոգևորականի մահապատժի:

Լարվածությունն ավելի սրվեց, երբ ԱՄԷ-ն աջակցեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը և միացավ Իրանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցներին:

Դեսպանին Իրան վերադարձնելու ԱՄԷ-ի որոշումը կայացվել է 2015 թվականի միջուկային գործարքը վերականգնելու ԵՄ ծրագրին Իրանի արձագանքից մեկ շաբաթ անց: Բրյուսելը Թեհրանի դիրքորոշումն անվանել է կառուցողական, այժմ դաշինքը ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային գործարքի շուրջ «հետագա քայլերը»։

  • Կիսվել: