երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները. իր տարածքում Պակիստանի քաղաքացի է զոհվել

ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները. իր տարածքում Պակիստանի քաղաքացի է զոհվել

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի հրթիռային հարվածներն իր տարածքին: Երկիրն այդ գործողությունները համարում է ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում: Այս մասին ասված է ԱՄԷ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն վերահաստատել է ԱՄԷ-ի լիակատար համերաշխությունն ու անսասան աջակցությունը տարածաշրջանի այն երկրներին, որոնք տուժել են այդ հարձակումներից՝ ընդգծելով, որ նրանց անվտանգությունն անսակարկելի  է, և որ ցանկացած պետության ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգություն ուղղակի սպառնալիք է ամբողջ աշխարհի անվտանգության և կայունության համար:

Բացի դրանից, ըստ հաղորդագրության, ԱՄԷ-ն կտրականապես մերժել է տարածաշրջանի պետությունների տարածքները որպես վեճերի կարգավորման կամ հակամարտության մասշտաբների ընդլայնման ասպարեզ օգտագործելու փորձերը՝ նախազգուշացնելով շարունակվող խախտումների լուրջ հետևանքների մասին, որոնք խաթարում են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը և սպառնում գլոբալ տնտեսական կայունությանն ու էներգետիկ անվտանգությանը:

ԱՄԷ-ն կրկնել է զսպվածության և դիվանագիտական լուծումներին ու լուրջ երկխոսությանը դիմելու իր կոչը՝ ընդգծելով, որ այն շարունակում է մնալ ներկայիս ճգնաժամի հաղթահարման և տարածաշրջանային անվտանգության, կայունության ապահովման ամենաարդյունավետ ճանապարհը:

ԱՄԷ-ն ընդգծել է, որ իրենք պահպանում են այդ հարձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունքը. «ԱՄԷ-ն ոչ մի դեպքում չի հանդուրժի որևէ վնաս իր անվտանգությանը կամ ինքնիշխանությանը»։

Հաղորդվում է նաև, որ Արաբական Միացյալ Էմիրություններն իր խորին ցավակցությունն է հայտնել իր տարածքում Իրանի հարվածների հետևանքով զոհված Պակիստանի քաղաքացու ընտանիքին:

Նշեմնք, որ այսօր, ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունների, Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմական բազաներին։

  • Կիսվել: