ԱՀԿ-ն ողջունել է կորոնավիրուսի բուժման վրա Դեքսամետազոն դեղամիջոցի դրական ազդեցությունը. parstoday.com
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է Բրիտանիայում անցկացված կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ Դեքսամետազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը։ Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:
Գոհունակություն հայտնելով COVID-19-ով հիվանդ ծանր վիճակում գտնվող մարդկանց կյանքը փրկելու հարցում դեղամիջոցի դրական ազդեցության նախնական արդյունքների կապակցությամբ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն ասել է․ «Սա առաջին դեղամիջոցն է, որը թույլ է տվել COVID-19-ով վարակված և թթվածնային բուժման կամ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեցող հիվանդների մահացության տոկոսի անկում գրանցել»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջիկայում կավարտի Դեքսամետազոնի վերաբերյալ իր հետազոտությունը և ցուցումներ կներկայացնի դրա օգտագործման եղանակի վերաբերյալ։
Վիճակագրական վերջին տվյալներով աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 8 միլիոն 274 հազարի, որոնցից մոտ 4 միլիոն 333 հազարը ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, առնվազն 446 հազարը մահացել է։