Աղոթում եմ համերաշխության համար. պատրիարք Կիրիլը շնորհավորել է հայերին Զատկի տոնի առթիվ
Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև հոգևոր առաջնորդներին Զատկի տոնի առթիվ:
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքը։
Պատրիարքը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ աղոթում է իր սիրելի Հայաստանի սրտում խաղաղության և համերաշխության շուտափույթ հաստատման համար:
«Աստծո որդու բերած փրկող զոհաբերությունը, նրա անսահման սերն ու ողորմածությունը մեզ զորություն են տալիս փորձություններն ու ճգնաժամերը հաղթահարելու համար: Թող որ մեր հավատքն ամուր լինի և Տիրոջ հետ մնալու ցանկությունը` անսասան»,- նշել է Կիրիլը։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում պատրիարքը մաղթել է ուրախություն, առողջություն, Աստծո օգնություն և հաջողություն բոլոր բարի գործերում:
Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարքը նաև շնորհավորանքներ է հղել Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ին:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Զատկի տոնի առթիվ ... մաղթում եմ ձեզ ուրախություն և Ամենակարողի շռայլ օգնությունը հետագա պատասխանատու աշխատանքներում»,-նշել է նա:
Հիշեցնենք` այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Զատիկ` նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Զատիկը Հայ առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։
Զատիկը շարժական տոն է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածում։