AFP-ն, AP-ն, Reuters-ը և BBC-ն Իսրայելին կոչ են արել թույլ տալ լրագրողներին հեռանալ Գազայից
AFP, The Associated Press, Reuters լրատվական գործակալությունները և BBC հեռարձակման կորպորացիան համատեղ հայտարարությամբ Իսրայելի իշխանություններին կոչ են արել սովից տառապող լրագրողներին թույլ տալ հեռանալ Գազայի հատվածի տարածքից, տեղեկացնում է The Associated Press գործակալությունը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք կրկին Իսրայելի իշխանություններին կոչ ենք անում լրագրողներին թույլ տալ մուտք գործել Գազայի հատված և դուրս գալ այնտեղից: Խիստ կարևոր է, որ մարդիկ հասանելիություն ունենան անհրաժեշտ ծավալով սննդի»:
Խոսքը Գազայի տարածքում մնացած վերջին լրագրողների մասին է, որոնք, ինչպես նշված է հայտարարության մեջ, ամիսներ շարունակ «կապող օղակ էին Գազայում տեղի ունեցող իրադարձությունների և արտաքին աշխարհի միջև», իսկ այժմ «ավելի ու ավելի մեծ դժվարությամբ են իրենց համար սնունդ հայթայթում», ինչպես և պաղեստինյան անկլավում գտնվողները:
Նշենք, որ 2025 թվականի մարտի 2-ից Գազայի հատված միջազգային մարդասիրական օգնություն չի մտնում. Իսրայելի որոշմամբ փակ են մնում բոլոր հսկիչ անցակետերը: Մայիսի 18-ին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում մարտական գործողություններն ընդլայնելու մասին. նպատակը ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախումն է և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումը:


