հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը որոշել է բողոքել Եվրախորհրդարանի բանաձեւի դեմ

Ադրբեջանը որոշել է բողոքել Եվրախորհրդարանի բանաձեւի դեմ

Ադրբեջանում երկարատեւ խորհրդածություններից հետո որոշել են բողոքել Ադրբեջանի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին Եվրախորհրդարանի բանաձեւի դեմ։

Ինչպես տեղեկացրել է АPА-ն, կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն հայտարարություն է ընդունել, որն ուղարկվել է Եվրախորհրդարան։ Հայտարարությունում խստորեն դատապարտվում է «կանխակալ» բանաձեւը, որը «բացահայտ աջակցում է ագրեսիվ անջատողականությանը, այդ թվում՝ փորձում է իրավական նշանակություն հաղորդել ադրբեջանական պատմական, կրոնամշակութային ժառանգության հայկականացմանը»։ Փաստաթուղթն, իբր, պատրաստվել է «հայկական լոբբիստական խմբերի ազդեցությամբ, չի արտացոլում իրական վիճակը, պարունակում է հայերի կեղծ պնդումներ՝ պատմակրոնական, այդ թվում եւ շիրմաքարերի հանդեպ ադրբեջանական կողմի իրական վերաբերմունքի ֆոնին»։

«Պետական կոմիտեն մեկ անգամ եւս վճռականորեն դատապարտել է Եվրախորհրդարանի՝ հայկական աղբյուրների վրա հիմնված կանխակալ տեղեկություն տարածելու փորձերը եւ կոչ է արել ապագայում օբյեկտիվ բանաձեւեր ընդունել»,- նշել է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ չնայած այս պնդումներին՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ի այցելություններին, ոչնչացնում եւ «աղվանացնում» է հայական մշակութային ժառանգության հուշարձանները օկուպացված տարածքներում։

  • Կիսվել: