Ադրբեջանը բանակցություններ է վարում առնվազն երեք նոր եվրոպական երկրներ բնական գազի արտահանումն ընդլայնելու շուրջ. Ալիև
Ադրբեջանը բանակցություններ է վարում առնվազն երեք նոր եվրոպական երկրներ բնական գազի արտահանումն ընդլայնելու շուրջ: Այս մասին Իտալիայում անցկացված ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծլով, որ այդ հարցում լավատեսություն կա, տեղեկացնում է Bloomberg-ը:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրների և տարածաշրջանի հետ պայմանավորվածություն ունի մինչև 2027 թվականը արտահանումը կրկնապատկելու շուրջ։
«Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել այդ երկրներին (Եվրոպայում) և Ուկրաինային։ Որոշակի լավատեսություն ունենք, կարծում եմ՝ բեկումի հիմք կա»,- ասել է նա՝ չնշելով երկրների անունները։
Ալիևը նաև հաստատել է, որ Մոսկվան և Կիևը դիմել են իրեն՝ առաջարկելով դյուրացնել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցումը դեկտեմբերին տրանզիտի պայմանագրի ավարտից հետո։
Եվրոպան փնտրում է գազի նոր գործարքներ, որպեսզի փորձի 2022 թվականին Ռուսաստանից հոսքերի նվազումից հետո պահպանել մատակարարումների ծավալները: Հոսքերը կարող են էլ ավելի կրճատվել, երբ տարեվերջին ավարտվի համաձայնագրի ժամկետը, որը հնարավորություն կտա ռուսական գազը տարանցել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն, սակայն ավլի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանին թույլ չի տա օգուտ քաղել երկրի խողովակաշարերով գազ տեղափոխելուց: