Ադրբեջանում ձերբակալվել է «իրանական լրտեսների» հերթական խումբը
ՆԳՆ-ն, Պետական անվտանգության ծառայությունը եւ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կալանավորման մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Իրանում գտնվող Ռուֆուլլա Ախունձադեն եւ նրա որդին՝ Ալմուրսալ Ախունձադեն, զինված անկարգություններ էին ծրագրել՝ նպատակ ունենալով բռնի կերպով փոխել Ադրբեջանի սահմանադրական կարգը եւ ստեղծել կրոնական հիմքերով պետություն։
Այդ նպատակով մահափորձեր են ծրագրվել հայտնի պետական գործիչների դեմ եւ կազմվել է այդ անձանց ցուցակը։ Ռուֆուլլա Ախունձադեն գաղտնի խմբեր է ստեղծել WhatsApp-ում, Telegram-ում եւ այլ մեսենջերներում, որտեղ մարտական խմբերին փոխանցել է ցոցակի անձանց տվյալներն ու տան հասցեները։ Մարտական խմբերի անդամներին հանձնարարվել է զենք ձեռք բերել եւ «Մոլոտովի կոկտեյլներ» պատրաստել։
Իրավապահների մարմինների իրականացրած գործողության ընթացքում ձերբակալվել են «Վրեժ 313» կոչվող մարտական խմբի յոթ անդամներ։ Ինչպես հայտնի է դարձել, խմբավորման անդամները կրոնական արմատական կարգախոսներ են գրել ու փակցրել վարչական շենքերի ու պետական մարմինների մոտ։
Ռ.Ախունձադեն ծրագրել էր նաեւ կրոնական կրթություն ստանալու անվան տակ խմբի անդամներին Իրան տանել ռազմական պատրաստության համար։ Խմբավորման անդամները արտերկրից միջոցներ են ստացել Ադրբեջանում կրոնական արմատականություն քարոզելու եւ այլ գործողություններ ֆինանսավորելու համար»,- լրատվամիջոցը մեջբերում է հաղորդագրությունը։