հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանում ձերբակալել են խմբի անդամների, որոնք ծրագրում էին ստեղծել կրոնական պետություն

Ադրբեջանում ձերբակալել են խմբի անդամների, որոնք ծրագրում էին ստեղծել կրոնական պետություն

Ադրբեջանի իրավապահ մարմիններն այսօր հայտնել են հանրապետության վեց քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք ծրագրում Էին զինված անկարգություններ կազմակերպել երկրում՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։

Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: «Բացահայտվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Թարթառի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և նրան հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ, իշխանության զավթում,  երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխում կազմակերպելու և շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն ստեղծելու համար», - ասված է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հաղորդագրության մեջ: Իրավապահների տվյաներով՝ Ջումշուդովն իր հերթին համագործակության Է ներգրավել իր մի քանի ծանոթների։

«Ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և բազմամարդ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել Իրանի և կրոնական արմատականության օգտին, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները», - ասված է հաղորդագրության մեջ։

Բացի դրանից, իրավապահ մարմինների տվյալներով, խմբի անդամները կազմակերպել են Իրանից «նպատակադրված ուղարկվող» թմրամիջոցների վաճառք և դրանց վաճառքից ստացված խոշոր գումարներն օգտագործել են Ադրբեջանում արմատականության քարոզման և այլ քայքայիչ գործունեության ֆինանսավորման համար:

  • Կիսվել: