Ադրբեջանցի պատգամավոր Միրկիշիլին ադրբեջանական է անվանել Երևանի Կապույտ մզկիթը
Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի Կապույտ մզկիթ: Նրանցից Թահիր Միրկիշիլին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Մենք այցելեցինք Կապույտ մզկիթ։ Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որը պահպանվել է Երևանում։ Չնայած պատերին այլ պետության մասին գրություններին՝ մզկիթի պատերը, ճարտարապետությունը, ոգին մերն են։ Հուսով ենք, որ այս մզկիթում իրական տերերը շուտով կկարողանան կատարել իրենց աղոթքը։ Ի վերջո, ադրբեջանցիների աղոթքները միշտ բարի նպատակներով են, և դրանք լսվում են»։
Հարկ է նշել՝ Կապույտ մզկիթը Երևանի մահմեդական միակ աղոթատունն է, որը կառուցվել է 1766 թվականին՝ Հուսեյն խանի նախաձեռնությամբ։
Իր ճարտարապետական և պատմական նշանակության շնորհիվ Կապույտ մզկիթը մշակութային արժեք է, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում:
1995թ. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջեւ կնքվել է Մզկիթի վերակառուցման ու վերականգման պայմանագիր: 1995-1997-ին վերականգնվել են աղոթարանն ու բակի երկայնքով դասավորված 24 սենյակները: Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված: