Ադրբեջանական զորքերը տեղակայվել են Իրանի հետ սահմանին՝ բերվելով մարտական պատրաստության. աղբյուր
Ադրբեջանական զորքերը, ըստ որոշ տեղեկությունների, մարտական պատրաստության են բերվել և տեղակայվել Իրանի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Qazetchi լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է OC Media-ն՝ ընդգծելով, որ այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմում ներգրավվել են նաև տարածաշրջանի երկրները:
Նշվում է, որ անանուն աղբյուրներից Qazetchi-ին հաստատած տեղեկության համաձայն՝ «Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանային ծառայությունն ու Ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարությունն անցել են բարձր պատրաստության ռեժիմի»։
Պաշտպանության նախարարությունը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է տեղեկատվությունը, նաև չի պատասխանել OC Media-ի մեկնաբանության հարցումներին։ Qazetchi-ն գրում է, որ «զինվորների, ենթասպաների և սպաների արձակուրդները» չեղարկվել են: Ըստ տեղեկությունների՝ արձակուրդում գտնվող սպաները հետ են կանչվել: Իրանի հետ սահմանին տեղակայվել են անօդաչու թռչող սարքերի և ցածր թռչող ինքնաթիռների դեմ պաշտպանական համակարգեր:
Իր հերթին ընդդիմադիր քաղաքական գործիչ Յադիգար Սադիգլին OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի համար նորմալ է սահմանի երկայնքով պաշտպանական ուժեր կուտակելը։ «Պետության ղեկավարը, իհարկե, պետք է որոշակի նախազգուշական միջոցներ, որոշակի քայլեր ձեռնարկի, և եթե նրանք ձեռնարկել են, կարծում եմ՝ նորմալ է։ Շատ բան կարող է պատահել։ Վաղը կարող է քաոս առաջանալ, որևէ ռազմական ստորաբաժանման հրամանատար կարող է ինքնուրույն գործողություններ ձեռնարկել»,- ասել է Սադիգլին։ Նա նաև հավելել է, որ հարևան երկրի համար «լիովին բնական» է իր զինված ուժերը բարձր մարտական պատրաստության վիճակի բերելը. «Ենթադրենք՝ հրթիռը կարող է խուսափել իր նշանակետից և հարվածել Ադրբեջանին, բայց դա կարող է լինել նաև այլ բան։ Հատկապես կարևոր է ՀՕՊ ուժերը հասցնել բարձր մարտական պատրաստության։ Պետք է լինի նաև ավիացիայի աջակցություն, և, իհարկե, ցամաքային ուժերը նույնպես պետք է պատրաստ լինեն»:


