շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
68 զոհ, 70 անհետ կորած. Եմենի ափերի մոտ միգրանտների նավակ է խորտակվել

68 զոհ, 70 անհետ կորած. Եմենի ափերի մոտ միգրանտների նավակ է խորտակվել

Եմենի ափերի մոտ միգրանտների նավակի խորտակումից հետո 68 մարդ զոհվել է, իսկ ավելի քան 70-ը՝ անհետ կորել, հայտնում են ՄԱԿ-ից, տեղեկացնում է Euronews-ը:

Նշվում է, որ սա Եմենի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկությունների շարքի վերջին դեպքն է, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր աֆրիկացի միգրանտներ․ նրանք փախչում են աղքատությունից և հակամարտություններից՝ հույս ունենալով հասնել Պարսից ծոցի հարուստ արաբական երկրներ։

Եմենի հարավային Աբյան նահանգի մոտ՝ Ադենի ծոցում, խորտակվել է 154 եթովպացի միգրանտի տեղափոխող նավակը։ Աղետից փրկվել է միայն 12 միգրանտ, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Եմենի գրասենյակի ղեկավար Աբդուսատտոր Եսոևը։ Նա հավելել է, որ Խանֆար շրջանում ափ են դուրս եկել 54 միգրանտի մարմիններ։ Եվս 14 մարդ մահացած է հայտնաբերվել և տեղափոխվել Եմենի հարավային ափին գտնվող նահանգի մայրաքաղաք Զինջիբարի հիվանդանոցի դիահերձարան։

Իրականացվում է որոնողափրկարարական լայնածավալ գործողություն:

  • Կիսվել: