երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
6 երկրներ վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր բյուջեի վերաբերյալ՝ պահանջելով դրա կրճատումը․ FT

6 երկրներ վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր բյուջեի վերաբերյալ՝ պահանջելով դրա կրճատումը․ FT

Եվրոպական վեց պետությունների իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ։ Այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում անելով նրանց համատեղ հայտարարությանը։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ևս հինգ երկրների ղեկավարներ սպառնացել են արգելափակել առաջիկա յոթ տարիների բյուջեի շուրջ համաձայնության կայացումը, եթե հարյուրավոր միլիարդ եվրոյի ծախսերի կրճատումներ չիրականացվեն», — նշված է հոդվածում։

FT-ի տվյալներով՝ Գերմանիայից բացի, նման պահանջով հանդես են եկել Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Ավստրիան և Ֆինլանդիան։ Նրանք ցանկանում են ռեսուրսներն ուղղել ռազմաարդյունաբերական համալիրին և ինովացիոն ընկերություններին՝ կրճատելով ագրարային ոլորտի ու ԵՄ համեմատաբար աղքատ շրջանների ֆինանսավորումը։ Իշխանությունները դա պատճառաբանում են տնտեսական և անվտանգային նոր մարտահրավերներով։

Եվրոպական երկրները մինչև տարեվերջ պետք է համաձայնեցնեն 2028–2034 թվականների համար նախատեսված յոթնամյա բյուջեի վերջնական տարբերակը։ Նախագիծն աշնանը պետք է ներկայացնի Իռլանդիան, որը 2026 թվականի երկրորդ կեսին նախագահում է ԵՄ խորհրդում։

Բանակցությունները բարդանում են միության անդամների միջև ծախսերի ծավալի և ընդհանուր միջոցների նպատակային բաշխման շուրջ առկա լուրջ տարաձայնությունների պատճառով։

ԵՄ բյուջեն սահմանում է դաշինքի ծախսերը յոթ տարվա կտրվածքով։ Դրա հաստատման համար անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունն ու Եվրախորհրդարանի հավանությունը, որից հետո ազգային իշխանություններին ժամանակ է հարկավոր՝ օրենսդրությունն ու ծրագրերը 2028 թվականի նոր փուլին նախապատրաստելու համար։

  • Կիսվել: