2 զոհ, 10 վիրավոր. Սիրիայում դարձյալ բախումներ են
Վերջին երկու օրերին Սիրիայի Հոմս քաղաքում սկիզբ առած բախումների պատճառով զոհվել է առնվազն երկու, վիրավորվել՝ 10 մարդ, տեղեկացնում է սիրիական SANA-ն:
Ըստ գործակալության՝ Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» հայտնել է, որ իրադրությունը Հոմսի նահանգում սրվել է այն բանից հետո, երբ Զաիդան քաղաքում հայտնաբերվել են բեդուինական տոհմերից մեկին պատկանող ամուսնական զույգի մարմինները՝ բռնության հետքերով. սպանության վայրում «կրոնական բնույթի կոչեր են հայտնաբերվել»։
Իր հերթին AP գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ սպանությունից հետո բեդուինների մի քանի խմբեր մուտք են գործել Հոմսի՝ ալավիներով բնակեցված թաղամասեր՝ բռնություններ կիրառելով տեղի բնակիչների նկատմամբ և հրկիզելով բնակելի տները։ Միայն կիրակի երեկոյան է Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել վերահսկողություն հաստատել ալավիներով բնակեցված թաղամասերի նկատմամբ։
Նշվում է նաև, որ տեղական իշխանությունները քաղաքում հայտարարել են պարետային ժամ:


