ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
163 Նոբելյան մրցանակակիր, այդ թվում՝ ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը, բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով զորքերը դուրս բերել Ուկրաինայից

163 Նոբելյան մրցանակակիր, այդ թվում՝ ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը, բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով զորքերը դուրս բերել Ուկրաինայից

Նոբելյան մրցանակի 163 դափնեկիր բաց նամակով դատապարտել են Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում: Աշխարհահռչակ գիտնականները հիշեցրել են, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Բուդապեշտի հուշագիրը։

«Ինչպես նացիստական Գերմանիան 1939 թվականին հարձակվեց Լեհաստանի վրա (օգտագործելով նմանատիպ հնարքներ և կեղծ սադրանքներ) և 1941 թվականին Խորհրդային Միության վրա, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Պուտինի գլխավորությամբ ձեռնարկեց չհիմնավորված ռազմական ագրեսիա՝ ոչ այլ ինչ, քան պատերազմ հարևան պետության՝ Ուկրաինայի նկատմամբ: Այստեղ մենք զգույշ ենք ընտրում մեր խոսքերը, քանի որ չենք հավատում, որ ռուս ժողովուրդը դեր ունի այս ագրեսիայում»,- ասվում է նամակում։

Նամակի համահեղինակների շարքում է ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը, որը 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 

 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

  • Կիսվել: