երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
117 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

117 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Կատալոնիայում մահացել է անցյալ տարվանից պաշտոնապես աշխարհի ամենատարեց կինը ճանաչված 117-ամյա Մարիա Բրանյաս Մորերան:

Նա համապատասխան «տիտղոսը» ստացավ 2023 թվականի հունվարին, երբ 118 տարեկան 340 օրականում մահացավ ֆրանսուհի Լյուսիլ Ռենդոնը։

117 տարեկան 168 օրականում կյանքից հեռացած Մարիա Բրանյաս Մորերայի մահվան մասին հայտնել են նրա հարազատները՝ ասելով, որ տատիկը մահացել է «քնի մեջ՝ խաղաղ և առանց ցավի»։

Հարազատների խոսքով՝ մի քանի օր առաջ նա ընտանիքին ասել է, որ շուտով կլքի աշխարհը. «Այլևս սուրճ չեմ խմելու, մածուն չեմ ուտելու... Ես կթողնեմ և՛ հիշողություններս, և՛ մտքերս...»։

Հայտնի է, որ վերջին 20 տարիներին նա ապրում էր տարեցների պանսիոնատում։

Ըստ մամուլի՝ Մորերան ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նրա հայրն աշխատել է որպես լրագրող։ 8 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա։

Այժմ աշխարհի ամենատարեց մարդը 116-ամյա ճապոնուհի Տոմիկո Իտոկան է։

 

  • Կիսվել: