ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զբոսաշրջության ոլորտը 30 տոկոս աճ է գրանցել լավագույն զբոսաշրջային տարվա՝ 2019-ի նկատմամբ

Զբոսաշրջության ոլորտը 30 տոկոս աճ է գրանցել լավագույն զբոսաշրջային տարվա՝ 2019-ի նկատմամբ

Հայաստան այցելող ներգնա զբոսաշրջիկների հոսքերն էականորեն փոխվել են, այս առումով տվյալ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 30 տոկոս աճ ոչ թե նախորդ տարվա նկատմամբ, այլ լավագույն զբոսաշրջային տարի համարվող 2019 թվականի նկատմամբ, իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրանցվել է 68 տոկոս աճ: Զբոսաշրջության մասին օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը Կառավարության օգոստոսի 3-ի նիստին ներկայացնելիս այս մասին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ՀՀ զբոսաշրջության բնագավառը կարգավորում է 2003-ին ընդունված օրենքով: Նախորդ երկու տասնամյակի ընթացքում ոլորտում էական փոփոխություններ են եղել, և զարգացմանը զուգընթաց առաջացել են նոր մարտահրավերներ:

Արձագանքելով թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը՝ ընդգծելով. «Մենք պլանավորում ենք Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարեկան թիվը հասցնել 15 միլիոնի: Դա կարող է թվալ անիրատեսական, բայց այս տարվա ընթացիկ թվերը ցույց են տալիս, որ եթե մենք կարողանանք այնպիսի ծառայություններ մատուցել, որ Հայաստան վերադարձած զբոսաշրջիկը Հայաստան այցելելու խորհուրդ տա նաև ուրիշներին, դա իրատեսական խնդիր է»:

Փաշինյանը նկատեց՝ զբոսաշրջության ոլորտն այնպիսին է, որ ամեն ինչ չէ, որ կախված է այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունից: Կարևոր են նաև մատուցվող տրանսպորտային ծառայությունները: Օրինակ՝ տաքսիների ծառայության ստանդարտի բարձրացումն ունի առանցքային նշանակություն:

«Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի նկատմամբ ուղևորաշրջանառությունը, այսինքն՝ օդանավակայանից օգտված ուղևորների թիվը, համարյա կրկնապատկվել է, ընդ որում՝ ավելացել է մոտավորապես 1 միլիոն 200 հազարով:

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ թիվ է մեր հանրապետության համար: Սա նշանակում է, որ մեր օդանավակայանը, ըստ էության, արդեն աշխատում է իր հնարավորությունների եզրին, կամ այդ հնարավորությունների եզրից մի փոքր այն կողմ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ ոլորտում ռազմավարական որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Պետք է այնպես անել, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգանան նաև մարզերում, ինչն արդեն իսկ նկատելի է՝ ուախությամբ արձանագրեց նա: Մարզերի մի զգալի մասը շատ ակտիվորեն զարգանում է: «Մեր գործարարների, ձեռներեցների և ընդհանրապես հայ ժողովրդի տաղանդը շատ վառ կերպով արտահայտվում է, և մենք այստեղ ունենում ենք նորանոր դրսևորումներ»,- նշեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ զբոսաշրջությունը հանգեցնում է անկանխիկ շրջանառության, և ամեն ինչ արվում է, որ գյուղերում ևս բանկային քարտերով վճարելու հնարավորություն լինի:

Կարևոր հանգամանք է նաև պարեկային ոստիկանության և փրկարար ծառայության աշխատանքը: Ըստ Փաշինյանի՝ երբ զբոսաշրջիկը հաճախակի պարեկային ծառայողների մեքենաներ է տեսնում, նրա մոտ վստահություն է առաջանում և «կոմֆորտի» զգացողություն է ստեղծում:

Թեմային անդրադարձավ նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ միջնաժամկետ ծախսային ծրագրերով առաջիկա 3 տարիներին ահռելի գումարներ են նախատեսված:

«Կարծեմ՝ մոտավորապես 10 միլիարդի գումար է ամեն տարի նախատեսված»,- ասաց նախարար Հովհաննիսյանը:

Այս համատեքստում անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանմանը և վերականգնմանը՝ Փաշինյանը նկատեց. «Այստեղ էլ մենք լուրջ պրոբլեմներ ունենք այն առումով, որ անտառների թավուտներում թաքնված 100-ավոր հուշարձաններ ունենք, որոնք զբոսաշրջային ահռելի պոտենցիալ ունեն: Բայց, իհարկե, մենք ամեն ինչ չենք կարող միանգամից լուծել, բայց պետք է հետևողականորեն, շարունակական աշխատենք այդ ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանը զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր է»:

  • Կիսվել: