երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Զբոսաշրջային այցերի կառուցվածքում նկատվում է կազմակերպված այցելությունների նվազում. ի՞նչ են ակնկալում տուրօպերատորները

Զբոսաշրջային այցերի կառուցվածքում նկատվում է կազմակերպված այցելությունների նվազում. ի՞նչ են ակնկալում տուրօպերատորները

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել 806 հազար զբոսաշրջիկ։ Այցելությունների կառուցվածքում առյուծի բաժինը Ռուսաստանինն է, որին հաջորդում է Վրաստանը, այնուհետև Իրանը։ Կան այցելություններ նաև ԱՄՆ-ից, արաբական, ասիական, եվրոպական երկրներից։ Խոսելով գրանցված զբոսաշրջային այցելությունների արդյունքից,   Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ սա գոհացուցիչ է, այն գերազանցել է նախաքովիդյան ժամանակաշրջանի՝ 2019 թվականի ցուցանիշները։ 

«Քանակական առումով լավ է, բոլորս ուրախանում ենք, սակայն այստեղ պետք է նկատել, որ այցելության ակտիվության վրա զգալի ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը։ Մարդկային հոսքի մի քանի մեծ ալիք եղավ։ Հայաստանը ռուսական շուկայի համար ցանկալի այլընտրանքներից մեկն է։ Իհարկե, այցելությունների թվերի աճ տեսնում ենք, սակայն սրանք հիմնականում անհատական այցեր են։ Իրականում կանոնավոր զբոսաշրջային այցերը բավարար չափով ակտիվ չեն»,- հրավիրված ասուլիսում նշեց Մեխակ Ապրեսյանը՝ կատարելով հարցադրում՝ որքանո՞վ է կայուն այս ակտիվ զբոսաշրջությունը։ Նրա խոսքով՝ կազմակերպված զբոսաշրջությանն աջակցելու, այն պահպանելու, ամրապնդելու խնդիր է ունենք։

Ինչպե՞ս են Հայաստան եկած զբոսաշրջիկները նախընտրում կազմակերպել իրենց հանգիստը։ Առկա են ավանդական այցելություններ պատմամշակութային վայրեր, ներկայացվում է հայկական խոհանոցը, առաջարկվում են արկածային տուրիզմի ծառայություններ և այլն։ «Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանը նկատեց, որ Հայաստան եկած ռուս զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են անհատապես կազմակերպել իրենց հանգիստը, իրենք են գծում իրենց ճամփորդական քարտեզը։

«Նույնիսկ նկատվում է նոր միտում։ Ռուսաստանից Հայաստան եկած ռուս բլոգերները, սոցիալական ցանցում ակտիվ երիտասարդները, որոնք մի քանի ամիս է այստեղ են, իրենք են փորձում Հայաստանի տարածքում այցեր կազմակերպել ռուս զբոսաշրջիկների համար»,-ասաց Արկադի Սահակյանը։

«Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արմինե Ադամյանը նշեց, որ կազմակերպված տուրիզմի նվազումը նկատվում է քովիդի ժամանակներից սկսած։ Այնուհետև հաջորդեց պատերազմը, դրանից հետո սահմաններին շարունակվող անհանգստությունը։ Որոշ եվրոպական երկրներ Հայաստանը կարմիր գոտում են ներառել, ինչն էլ խանգարում է կազմակերպված, խմբային այցելություններին։ Այդ իսկ պատճառով գերակշռում են անհատական այցելությունները։

«Պետք է եվրոպական երկրներում շատ խոսվի Հայաստանի մասին, հաղորդումներ պատրաստվեն, ցուցանակներ, գովազդային պաստառներ փակցվեն բոլոր հնարավոր մարդաշատ վայրերում։ Տարիներ առաջ Եվրոպայում այդպես սկսեցին աշխատել որոշ աֆրիկյան երկրներ և հիմա, երբ Եվրոպայում մտնում ես որևէ տուրիստական ընկերություն, հենց սկզբից աչք են զարնում գովազդային պաստառները։ Տարիների ընթացքում կատարած աշխատանքը տվել է իր արդյունքը։ Մենք նույնպես պետք է ակտիվ լինենք»,-ասաց Արմինե Ադամյանը։

Տուրիստականների ներկայացուցիչներն ակնկալում են պետական կառույցների ու մասնավոր հատվածի ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց, որ դրանից զատ շատ լավ առիթ են զբոսաշրջային փառատոնները, որոնք անցկացվում են հեռավոր սահմանային բնակավայրերում։

«Դրանք պետք է ակտիվ լուսաբանվեն, ներկայացվեն, որ մեզ մոտ անվտանգ է։ Այդ նույն փառատոններին նաև բազմաթիվ օտարերկրացիներ են գալիս, նրանց մասին ևս պետք է պատմել։ Այսինքն՝ բոլոր հնարավոր ուղղություններով համատեղ պետք է ակտիվ աշխատենք»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը։

  • Կիսվել: