երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայանը՝ «Բիլայնի» աշխատողների մասին

Զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայանը՝ «Բիլայնի» աշխատողների մասին

Այսօր ՀԾԿՀ-ի դիմաց «Բիլայն»-ի աշխատակիցներն բողոքի ակցիա էին իրականացնում:

Նշենք, որ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՏՄՊՊՀ-ն որոշել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական եւ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:

Սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել»:

Հիշեցնենք նաեւ, որ «Թիմ» ՍՊԸ հիմնադիրները Եսայան եղբայրներն են, որոնք բաժնետերերի հետ ունեցած խնդիրներից հետո հեռացել էին Ucom ընկերությունից։

Այսօր լրագրողների հետ զրույցում «Թիմ» ՍՊԸ հիմնադիր Հայկ Եսայանն ասաց, որ զանգվածայինն ազատումներ չեն լինելու, ուստի ինքը կարող է հանգստացնել Բիլայնի աշխատակիցներին, քանի որ նրանց ներուժը իրենց անհրաժեշտ է:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ընդամենը ասում ենք, որ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, եւ վստահ ենք, որ միասին ավելի լավ ուժով կարող ենք զարգացնել, քանի որ այս ոլորտում 20 տարուց ավելի եմ, մեր վերջին 5-10 տարիների պրոբլեմը հենց մարդկային ռեսուրսի ներգրավումն է եղել։ Այսօր մենք ունենք հնարավորություն այդ մարդկային ռեսուրսը ունենալու եւ այդ ռեսուրդի վրա ձեւավորելու նոր զարգացման ուղի եւ ունենալ ավելի լավ ծառայություն»,-

Դիտարկմանը, թե  «Բիլայնի» աշխատակիցները կոմպետենտության խնդրի մտավախություն ունեն, Եսայանը պատասխանեց. ««Թիմ» ընկերությունը COVID-19-ի պայմաններում ամենամեծ քայլն է արել՝ ստեղծելով հավելյալ աշխատատեղեր։ Այսինքն՝ մեր դուրս գալուց հետո ստեղծել ենք մի ընկերություն, որը ունի 400 հոգուց ավելի աշխատակազմ։ Մենք ընդամենը միացնելու ենք 2 ընկերությունների  աշխատակազմը եւ ունենալու ենք էլ ավելի մեծ աշխատակազմ, քան այսօր կա «Բիլայնում»»։

Միաժամանակ նա վստահեցրեց, որ  երկրում ավելի շատ աշխատատեղ է ստեղծվելու, քան կար երեկ. «Մենք ասում ենք՝ պետք է աշխատողներ ներգրավենք, որպեսզի կարողանանք հասույթներ բարձրացնել եւ ունենալ էլ ավելի լավ ու նոր ծառայություն։ Իսկ թե ինչո՞ւ է այդ անհանգստությունն առաջանում՝ չեմ կարող ասել։ Վստահ եմ, որ ինչ-որ ուժեր կան, որոնք մարդկանց հորդորում են նման ձեւ մտածելու։ Իմ ինֆորմացիայով որոշ մարդիկ հորդորում են նման բաներ»:

Խոսելով գործարքի արժեքի մասին՝ Եսայանն ասաց, որ դա գաղտնիք է:

Նա անդրադարձավ նաև Ucom-ի՝ վերջին օրերի խափանումների վերաբերյալ իր անվան շահարկմանը, եւ թե Ucom-ի նախկին տնօրենները՝ այսինքն Եսայան եղբայրները, որոշակի գործողություններ են իրականացրել:

Եսայանն ասաց, որ սրան մեկնաբանություն տալ չի զանկանում՝ համարելով այդ պնդումները ծիծաղելի:

«Եթե նման բան է տեղի ունենում եւ ուզում են ինչ-որ ձեւ մեր վրա սեւ կետ շպրտել, ապա ես կարող եմ ասել, որ մենք դրա հետ ընդհանրապես կապ չունենք։ Եթե լիներ հստակ աղբյուր, թե ով է դա ասել, մենք կգնայինք դատական պրոցեսով։ Հասկացել ենք, որ այսօրվա մեդիադաշտն այնպիսին է, որ այնքան բաներ են գրվում, որ արդեն հոգնել ենք հերքում տարուց։ Օֆիցիալ ասում եմ, որ նման բան չկա։

Նույնիսկ այդ օրը երեկոյան մենք մեր ողջ նախկին անձնակազմին հավաքել ենք մեր գրասենյակում, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինի, որ մեզ դիմեն աջակցելու, ապա մենք պատրաստ լինենք աջակցման»,-ասաց նա:

Եսայանը պատասխանեց նաև Բիլայնի աշխատակիցներին տրվելիք երաշխիքների մասին և ասաց.  «Մինիմում 6 ամիս ոչ մի քայլ չենք անելու։ Աշխատակիցների հետ հանդիպում լինելու է, ուղղակի ես հիմա նման իրավասություն չունեմ՝ այդ աշխատակիցների հետ շփվելու, որովհետեւ դե յուրե մենք ոչ մի կապ չունենք «Բիլայն» ընկերության հետ»։

  • Կիսվել: