շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Wizz Air-ը Հայաստանից Չեխիա թռիչքներ կմեկնարկի հունիսի 26-ից

Wizz Air-ը Հայաստանից Չեխիա թռիչքներ կմեկնարկի հունիսի 26-ից

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 26-ից կմեկնարկի  Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը:

Այս մասին մայիսի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  Wizz Air ընկերության կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Վալերիա Բրագարենկոն։

Ըստ նրա՝ դեպի Պրագա չվերթերը  կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

 

«Ապրիլի 30-ից ավիաընկերությունը սկսել է իրականացնել Սոֆիա-Երևան-Սոֆիա, ինչպես նաև Դորտմունդ-Երևան-Դորտմունդ չվերթը։ Նոր ուղղությունների բացումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Օգտագործելով այս ցածր գնով բիզնես մոդելը, կարողանում ենք հասանելություն  ապահովել և օգնել, որ մարդիկ կարողանան շատ էժան գներով իրականացնել ուղևորություններ  դեպի Երևան և հակառակը: Մեզ մոտ  ամենամատչելի տոմսերը սկսվում են 24,99 եվրոյից: Մենք հնարավորություն ենք տալիս մարդկանց նման մատչելի եղանակով բացահայտել Հայաստանը և հատկապես գեղեցիկ քաղաք Երևանը: Վստահ եմ, որ այս հրաշք երկիրը զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի»,-ասաց  Բրագարենկոն։

Նրա խոսքով՝ նախատեսվում է երեք տարվա ընթացքում երեք նոր ուղղություն բացել Երևանից։ Ավիաընկերությունը հայկական շուկա է մտել 2020 թվականին։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ Wizz Air-ի օդանավերը Երևանից և հակառակ ուղղությամբ ավելի քան 400 հազար ուղևոր են տեղափոխել: Հայկական ավիացիայի շուկայում ավիաընկերության մասնաբաժինը կազմում է 12%։

Վալերիա Բրագարենկոն ընդգծեց, որ ավիաընկերությունը Երևանից թռիչքներ է իրականացնում դեռևս  9 ուղղություններով։ Դրանց թվում են նաև չվերթերը դեպի Վիեննա, Լառնակա, Միլան, Աբու Դաբի, Հռոմ, Վենետիկ:

«Մենք ունենք բավական արդյունավետ ցածր գնով բիզնես մոդել, և մեր ամենակարևոր կետերից մեկն այն է, որ մենք իրականացնում ենք թռիչքներ միայն ուղիղ երթուղիներով: Մենք կապակցող երթուղիներ չենք վաճառում, որի հաշվին էլ կարողանում ենք առաջարկել մատչելի ավիատոմսեր: Մենք նաև չունենք բիզնես դաս, մենք առաջարկում ենք միայն սովորական դաս, ինչը նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ավիատոմս են գնում մեր ընկերությունից,  ճամփորդելու են հավասար պայմաններում»,-ասաց նա:

Վալերիա Բրագարենկոն նշեց, որ Wizz Air-ը ավիացիայի շուկայում գործում է 2004 թվականից, գործարկում է 181 Airbus տիպի ինքնաթիռ և ունի ավելի քան 8 հազար աշխատակից: Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 950 ուղղություններով՝ դեպի աշխարհի 50 երկիր։ Wizz Air-ի ինքնաթիռները  2022 թվականին տեղափոխել են 45,6 միլիոն ուղևոր։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ընդգծեց, որ շատ ուրախ է Wizz Air-ի հետ համագործակցության համար:

«Եվրոպական  շուկան մեզ համար իհարկե շատ հետաքրքիր  է, և այս պահին մենք բավականին մեծ աշխատանք ենք տանում հենց Եվրոպայում, որպեսզի կարողանանք նրանց ներկայացնել Հայաստանը որպես թաքնված ուղի՝ ծանոթացնելով մեր հետաքրքիր բնությանը, խոհանոցին, արկածային տուրիզմին: Եվ Wizz Air-ի հետ համագործակցությունն  ու նոր ուղիների հիմնումն էլ հնարավորություն կտան բոլոր հետաքրքրվողներին ավելի հաճախ այցելել և բացահայտել Հայաստանը»,- նշեց Պօղոսյանը:

Նա  կարևորեց, որ այս ընկերությունը նոր ուղղություններից բացի թռիչնքներն իրականացնում է  ուղիղ չվերթով:

  • Կիսվել: