ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՎԶԵԲ-ը 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում

ՎԶԵԲ-ը 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2023-24 թվականներին Հայաստանի տնտեսության 5% աճ է կանխատեսում: Այս մասին ասվում է բանկի հերթական տարածաշրջանային կանխատեսման մեջ։ Նշվում է, որ գնահատումը կարող է նվազել աշխարհաքաղաքական ռիսկերի պատճառով։
 
Հայաստանում, ինչպես և Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում, զգացվում է ռուսական ձեռնարկությունների տեղափոխման և Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների միջև առևտրի հոսքերի վերակողմնորոշման ազդեցությունը:
Արդյունքում, Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին աճել է 14,2%-ով՝ հիմնականում առևտրի և ծառայությունների հաշվին, որոնք աճել են 28,2%-ով (արդյունաբերությունը՝ 7,8%-ով)։ Շինարարության ոլորտը 2022 թվականին աճել է 12,5%-ով։
 
Արտասահմանյան տրանսֆերտների ներհոսքը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է։ Բանկի գնահատականներով՝ երկիր եկած ռուսաստանցիների շնորհիվ (այդ թվում ՝ հայկական ծագման) նրանց ներհոսքն աճել է գրեթե յոթ անգամ (դրա հետ մեկտեղ, Հայաստանի Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրության մեջ դրանք չի բաժանում ըստ ուղարկողների քաղաքացիության- խմբ):
 
Արդյունքում 2023 թվականի առաջին երեք ամիսներին տնտեսական աճը կազմել է 12.2 տոկոս, բայց նկատելի են դանդաղեցման նշաններ՝ բարձր բազայի ազդեցության պատճառով (2022 թվականին աճն այնքան ուժեղ է եղել, որ հիմա դժվար է այն խոշոր չափով գերազանցել)։ Գնաճը մարտին նվազել է՝ հասնելով 5,4 տոկոսի Հայաստանի Կենտրոնական բանկի ճիշտ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ` բանկը բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը, ինչպես նաև հայկական դրամի փոխարժեքի ամրապնդման շնորհիվ (ռուսաստանցիներից արտարժույթի ներհոսքի պատճառով), ինչն իջեցրել է ներմուծվող ապրանքների գները:
Նշենք, ՎԶԵԲ–ը բարձրացրել է իր կանխատեսումները` համեմատած նախորդ կանխատեսման հետ, որը հրապարակվել էր մարտին։ Այդ ժամանակ տնտեսական աճը 2023-24 թվականների համար կանխատեսվում էր 4,0%և 4,8%։

  • Կիսվել: