կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ՎԶԵԲ-ը 236 մլն եվրո վարկ կտա ՀՀ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար. նախատեսվում է 5 թունել, 11 կամուրջ

ՎԶԵԲ-ը 236 մլն եվրո վարկ կտա ՀՀ-ին՝ Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար. նախատեսվում է 5 թունել, 11 կամուրջ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստումն հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:

Նշվում է, որ ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,

8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,

24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):

Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է Ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ:

Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա` կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ),  3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,

5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,

անվտանգ  երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը:

  • Կիսվել: