ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վտանգավոր բեռների փոխադրումների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

Վտանգավոր բեռների փոխադրումների մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««Վտանգավոր բեռների» միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:  

Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների անվտանգության մակարդակը՝ սահմանելով վտանգավոր նյութերի դասակարգման և պիտակավորման միասնական համակարգեր, ներդաշնակեցնելու այդ նյութերի փաթեթավորման, պիտակավորման և դրանց փոխադրման պահանջները, կանխելու վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս հասցնելը:

Համաձայնագրով սահմանված են պահանջներ վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների, սարքավորումների կառուցվածքի և շահագործման վերաբերյալ:

Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը հնարավորություն կտա օրենսդրորեն կանոնակարգելու Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու գործընթացը, սահմանելու համաձայնագրի պահանջներին համապատասխան փոխադրման օրենսդրական կարգավորումներ,  վերահսկելու հանրապետության տարածքով վտանգավոր բեռների փոխադրումների գործընթացը, ապահովելու միջպետական համագործակցությունը:

Վտանգավոր բեռներ են համարվում այն բեռները, որոնք ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս են պատճառում մարդու առողջությանը և կյանքին, ինչպես նաև շրջակա միջավայրին:

  • Կիսվել: