ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանի հետ բանակցում ենք դեպի Լոս Անջելես չվերթի ուղղություն ունենալու համար. Տաթևիկ Ռևազյան

Վրաստանի հետ բանակցում ենք դեպի Լոս Անջելես չվերթի ուղղություն ունենալու համար. Տաթևիկ Ռևազյան

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապի մեջ է Վրաստանի համապատասխան մարմնի հետ՝ դեպի Լոս Անջելես չվերթի ուղղություն ունենալու համար, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Վրաստանի հետ ենք կապի մեջ, որ տեսնենք՝ ինչպես կարող ենք դեպի ԱՄՆ թռիչքների հարցը իրար հետ լուծենք, որովհետև եթե զուտ հոսքը նայենք, Հայաստանից չի բավարարում, որ մենք ունենանք ուղիղ չվերթ, իսկ ավիաընկերության համար արդյունավետ չէ, որ շաբաթը մեկ անգամ չվերթ կազմակերպի, մինչդեռ անհրաժեշտ է, որ մինիմում երկու, երեք անգամ կազմակերպվի», -հայտարարեց Ռևազյանը:

Քաղավիացիան այս պարագայում ելքը գտել է Վրաստանի հետ բանակցություններ վարելու մեջ, սակայն այս դեպքում էլ որոշ խնդիրներ առաջանում են:

«Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ իրենք ավելի շատ հետաքրքրվում են Նյու Յորքի ուղղությամբ, իսկ մենք՝ հայերս, Լոս Անջելեսի: Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն», -հավելեց Տաթևիկ Ռևազյանը:

  • Կիսվել: