Վրացական կողմը հերքում է հայկական կոնյակի առաքումների ուշացումների մասին տեղեկությունը
Վրացական իշխանությունները հերքում են իրենց տարածքում հայկական կոնյակի առաքումների ուշացումները՝ նշելով, որ գործում են ստանդարտ մաքսային ընթացակարգերով, տեղեկացնում է bm.ge գործակալությունը:
Նշվում է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից, մասնավորապես, հայտնել են. «Մաքսային վերահսկողության ընթացակարգերը կատարվում են սովորական ռեժիմով։ Փոխադրամիջոցների ուշացումներ չկան»:
Իր հերթին Новости Грузия-ն հաղորդել է, որ ալկոհոլ արտադրող հայ գործարարների մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Մասնակիցները Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ պարզաբանումներ պահանջեցին։ Նրանք նշել են, որ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումներին առնչվող խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ կոնյակի սպիրտով որոշ բեռնատարներ ստուգվում են, և «խնդիրը դեռևս լուծված չէ և պատճառները պարզելու համար ինստիտուցիոնալ մոտեցում է պետք»